Չի բացառվում, որ Ադրբեջանին տրվել են բանավոր խոստումներ, որոնց ետևից էլ եկել է ինքը՝ դիմելով ռազմական էսկալացիայի․

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Ադրբեջանը լեգիտիմ իրավունք է ստացել պահանջելու այն, ինչ-որ իրեն խոստացել էին բանավոր կերպով։ Կարծում եմ՝ այդ խոստումը տրվել էր երրորդ կողմերի ներկայությամբ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ էր խոստացվել Ադրբեջանին։ Դատելով միջազգային հանրության արձագանքից կամ առհասարակ դրա բացակայությունից՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պահանջը ներքին կարգով հասցված է եղել միջազգային հանրությանը։ Այլապես վստահ եմ՝ եթե ռազմական ուժի դիմելու լեգիտիմ հիմք չլիներ, արձագանքը բոլորովին այլ կլիներ և Ադրբեջանը երբեք չէր համարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն անել»,- նշեց նա։