2019թ.
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- «Մեկ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` կամավորության հիմունքներով ձևավորված հասարակական-քաղաքական միավորում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, սույն Կանոնադրությանն ու իր Ծրագրին համապատասխան։
- Կուսակցության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, անդամների իրավահավասարության, անդամության կամավորության, կառավարման կոլեգիալության և ինքնակառավարման սկզբունքների վրա:
- Կուսակցությունն իրավաբանական անձ է, օգտվում է ՀՀ օրենսդրությամբ ընձեռված բոլոր իրավունքներից և կրում է դրանցով սահմանված պարտականություններ: Կուսակցությունը, նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Կուսակցության կանոնադրության հիման վրա և դրան համապատասխան (այսուհետ` Կանոնադրություն):
- Կուսակցության անվանումն է՝
հայերեն՝ «Մեկ Հայաստան» կուսակցություն (հապավումը՝ ՄՀԿ);
ռուսերեն՝ партия “Одна Армения” (հապավումը՝ ПОА)
անգլերեն՝ “One Armenia” Party (հապավումը՝ OAP)
- Կուսակցությունն ունի կնիք` հայերեն, ռուսերենև անգլերեն լեզուներով, դրոշմ, պաշտոնաթղթեր, բանկային հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով:
- Կուսակցության իրավաբանական հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հանրապետության 52-53:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Կուսակցության նպատակն է ազատական, ազգային արժեհամակարգի, ժողովրդավարական, մրցակցային հասարակության ձևավորման, պետության և պետականության շարունակական զարգացման, անվտանգության սկզբունքների հիման վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և հոգևոր զարգացումը:
- Կուսակցությունն ունի իր նպատակին հասնելու քաղաքական ծրագիր, որից ելնելով, մշակում և իրականացնում է իր գործելակերպը:
- Կուսակցությունն իր ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրությունների միջոցով մասնակցում է ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը և դրանց գործունեությանը:
- Կուսակցությունը գործում է ՀՀ ողջ տարածքում:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ
- Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ընտրական իրավունքով օժտված այն անձը, ով ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը և չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ:
Կուսակցության անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի համաձայն, չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ:
- Կուսակցությանն անդամագրվում են.
- կամավոր հիմունքներով,
- անհատական կարգով,
- անձնական դիմումի համաձայն,
- Կուսակցության Համագումարի որոշմամբ:
- Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը և մուծման կարգը սահմանում է Կուսակցության քաղաքական խորհուրդի կողմից:
- Կուսակցության անդամի իրավունքներն են՝
- ընտրել և ընտրվել Կուսակցության ու նրա ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
- ներկա լինել Կուսակցության համագումարի նիստերին,
- ծանոթանալ Կուսակցության մարմինների արձանագրություններին,
- կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցեր վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկւթյուններ,
- ստանալ Կուսակցության ընդունած որոշումների պատճենները,
- տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ,
- ստանալ փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
- բողոքարկել Կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները,
- կամովին դադարեցնել, կասեցնել կամ վերականգնել անդամակցությունը,
- ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:
- Կուսակցության անդամի պարտականություններն են՝
- գործել Կուսակցության կանոնադրության շրջանակներում,
- կատարել Կուսակցության Համագումարի, ղեկավար մարմինների որոշումները և ծրագրային դրույթները,
- մասնակցել Կուսակցության նշանակած ժողովներին և միջոցառումներին,
- ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
- Կուսակցության անդամության դադարեցման դիմումն ընդունում է Կուսակցության քաղաքական խորհուրդը, որի վերաբերյալ տվյալ խորհուրդն ընդունում է համապատասխան որոշում: Կուսակցության անդամության կասեցման, դադարեցման նշված հիմքերի առկայության դեպքում Կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունում է որոշում՝ Կուսակցությունից անդամի հեռացման կամ Կուսակցության անդամակցության դադարեցման մասին:
- Կուսակցության անդամակցության դադարման հիմքերն են՝
- դիմումի համաձայն՝ կուսակցությունից դուրս գալու դեպքում.
- Կուսակցությունից հեռացվելու դեպքում,
- մահվան դեպքում,
- Կուսակցության լուծարման դեպքում,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կուսակցությունների մասին», այլ օրենքներով և սույն Կանոնադրությունով նախատեսված այլ դեպքերում:
- Կուսակցության անդամը կարող է պարգևատրվել՝
- շնորհակալագրով,
- պատվոգրով,
- հուշամեդալով, հուշանվերով կամ դրամական պարգևով,
- կարգապահական տույժի հանումով:
- Կուսակցության անդամը իր պարտականությունների չկատարման, թերացումների, կուսակցական կարգապահական դրույթների զանց առնման, Կուսակցության վերադաս մարմինների որոշումները չկատարելու համար կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել Կուսակցության քաղաքական խորհուրդը: Կարգապահական պատասխանատվությունը կարող է լինել․
- Նկատողություն,
- Խիստ նկատողություն,
- Կուսակցությունից հեռացում:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- Կուսակցության կառուցվածքը հաստատվում է համագումարում:
- Կուսակցության կառուցվածքային մարմիններն են.
- Համագումարը,
- Կուսակցության քաղաքական խորհուրդը
- Կուսակցության նախագահը
- Կուսակցության գլխավոր քարտուղարությունը,
- Կուսակցության Վերահսկող հանձնաժողովը
-
- Կուսակցությունը կարող է ունենալ հանձաժողովներ, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում:
- ՀՀ տարածքից դուրս Կուսակցությունը կարող է ունենալ ներկայացուցչություններ:
- Տարածքային ստորաբաժանումները ստեղծվում և լուծարվում են Կուսակցության Քաղաքական խորհուրդի որոշմամբ:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
- Համագումարը Կուսակցության բարձրագույն մարմինն է:
- Համագումարին է վերապահվում Կուսակցության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը։
- Համագումարը կարող է լինել հերթական կամ արտահերթ։ Հերթական Համագումարը հրավիրվում է 4 տարին մեկ անգամ Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ։ Արտահերթ Համագումար հրավիրվում է Կուսակցության քաղաքական խորհրդի, Կուսակցության նախագահի և/կամ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ: Հերթական Համագումարի հրավիրման և օրակարգի մասին Կուսակցության անդամներին հայտնվում է ոչ ուշ քան 14 օր առաջ, իսկ արտահերթ Համագումարի դեպքում` ոչ ուշ, քան 7 օր առաջ: Համագումարի կազմակերպչական հարցերը ապահովվում են Կուսակցության գլխավոր քարտուղարության կողմից:
- Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:
- Կուսակցության համագումարի և մնացած մարմինների ընդհանուր ժողովների որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
- Համագումարը`
- քննարկում է Կուսակցության ծրագրին, Կանոնադրությանն առաջարկվող փոփոխություններն ու լրացումները,
- հաստատում է Կուսակցության Կանոնադրությունը, դրանում կատարված փոփոխությունները և լրացումները,
- ընդունում է Կուսակցության ծրագիրը, նրան կից փաստաթղթերը,
- հաստատում է Կուսակցության նախագահի հաշվետվությունը՝ Կուսակցության գործունեության մասին,
- իրականացնում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորումը.
- ընտրում է Կուսակցության նախագահին,
- ընտրում է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարին,
- հաստատում է Վերահսկիչ հանձնաժողովի կազմավորման ձևը և կարգը, անդամների թիվը և կառուցվածքը,
- ընտրում է Վերահսկիչ հանձնաժողովի անդամներին,
- հաստատում է Կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
- որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին:
-
- Եթե Կուսակցության լուծարման համար հրավիրված Համագումարն իրավազոր չէ, ապա Կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը` Քաղաքական խորհուրդը: Իսկ Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում Կուսակցությունը լուծարվում է՝ Կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- Քաղաքական խորհուրդը Կուսակցության ներկայացուցչական գլխավոր և մշտապես գործող գործադիր (ղեկավար) մարմինն է: Քաղաքական խորհուրդը կազմված է առնվազն 10 անդամներից:
- Կուսակցության քաղաքական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Կուսակցության նախագահը և Կուսակցության համագումարի կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված Կուսակցության անդամները:
- Կուսակցության քաղաքական խորհրդի անդամներն ընտրվում են Համագումարի կողմից չորս տարի ժամկետով՝ փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում Համագումարի ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուները:
- Քաղաքական խորհուրդը նախագահում է Կուսակցության նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամներից մեկը՝ Կուսակցության նախագահի որոշմամբ.
- Կուսակցության Քաղաքական Խորհուրդը՝
- հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն
- հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.
- կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
- որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել.
- իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։
- Կուսակցության նախագահի առաջարկությամբ՝ հաստատում է Կուսակցության ռազմավարությունը, ընդունում է գործողությունների ծրագրեր,
- Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
- Կուսակցության նախագահի առաջարկությամբ՝ հաստատում է Ազգային Ժողովում Կուսակցության խմբակցության գործունեության հիմնական ուղղությունները,
- Կուսակցության նախագահի առաջարկությամբ՝ հաստատում է Կուսակցության նախընտրական ծրագիրը, Ազգային Ժողովի պատգամավորության և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող Կուսակցության թեկնածուներին,
- Կուսակցության նախագահի առաջարկությամբ՝ հաստատում է համապետական և տարածքային ընտրական ցուցակները,
- որոշում է կայացնում Ազգային Ժողովի ընտրություններին, տեղական ինքնակառավարման մարմինների, ավագանիների ընտրություններին՝ դաշինքով մասնակցելու մասին կամ այլ ուժերի հետ դաշինք ստեղծելու մասին,
- Կուսակցության նախագահի առաջարկությամբ՝ որոշում է կայացնում Քաղաքական խորհուրդը Կուսակցության այլ անդամներով համալրելու մասին, որը կայացվում է ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ քվեարկությունով,
- որոշում է կայացնում այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ համագործակցելու, միջազգային միություններին անդամագրվելու մասին,
- որոշում է ընդունում դիմել Համագումարին Կուսակցության Նախագահի հետկանչի պահանջով, Քաղաքական խորհրդի անդամների կողմից կայացրած որոշման հիման վրա, որին կողմ են քվեարկել Քաղաքական խորհրդի անդամների առնվազն 4/5-րդը,
- կարող է հանդես գալ Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ,
- ստեղծում և լուծարում է Կուսակցության հանձաժողովներ, տարածքային ստորաբաժանումներ,
- լսում և հաստատում է Կուսակցության տարածքային ստորաբաժանումների հաշվետվությունները:
- Կուսակցության Քաղաքական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Համագումարի որոշումների կատարման միջոցով:
- Քաղաքական խորհրդի նիստ է հրավիրվում Կուսակցության Նախագահի կամ Քաղաքական խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ, առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Քաղաքական խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կուսակցության Նախագահի կամ Քաղաքական խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ: Նիստի քվորումն առկա է, եթե նիստին ներկա են անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Քաղաքական խորհրդի անդամների ընդհանուր ձայների թվի պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում Կուսակցության նախագահի ձայնը վճռորոշ է:
- Կուսակցության քաղաքական խորհրդի նիստերը իրավազոր են, եթե մասնակցում են անդամների կեսից ավելին: Կուսակցության նախագահը ի պաշտոնե հանդիսանում է Քաղաքական խորհրդի նախագահ:
- Քաղաքական խորհուրդը հաշվետու է Համագումարին:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
- Կուսակցության նախագահն ընտրվում է Կուսակցության Համագումարի պատվիրակների կողմից, ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, փակ քվեարկությամբ:
- Կուսակցության Նախագահի հետկանչի իրավունք ունի միայն Կուսակցության Համագումարը Կուսակցության Քաղաքական խորհրդի անդամների կողմից կայացրած որոշման հիման վրա, որին կողմ են քվեարկել Կուսակցության Քաղաքական խորհրդի անդամների առնվազն 4/5-րդը:
- Կուսակցության նախագահը`
- իրականացնում է Կուսակցության ընդհանուր ղեկավարումը,
- ի պաշտոնե Կուսակցության Քաղաքական խորհուրդի նախագահն է (մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար),
- Հրավիրում և նախագահում է Կուսակցության քաղաքական խորհրդի նիստերը, ստորագրում որոշումները և նիստերի արձանագրությունները,
- Ներկայացնում է Կուսակցությունը և առանց լիազորագրի հանդես է գալիս Կուսակցության անունից,
- հրավիրում է արտահերթ Համագումար, Քաղաքական խորհրդի արտահերթ նիստեր,
- Ապահովում և վերահսկում է Համագումարի և Քաղաքական խորհրդի որոշումների կատարումը,
- Իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ և ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Կուսակցության անունից ստորագրում է պայմանագրեր և համաձայնագրեր,
- Համագումարին ներկայացնում է Քաղաքական խորհուրդի հաստատած քաղաքական զեկուցումը,
- Հաշվետվություն է ներկայացնում Համագումարում` Քաղաքական խորհուրդի կատարած գործունեության վերաբերյալ,
- Օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը և միջոցները,
- Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,
- Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում առաջարկություն՝ Կուսակցության Քաղաքական խորհուրդը Կուսակցության այլ անդամներով համալրելու վերաբերյալ,
- Ձևավորում է Կուսակցության Գլխավոր քարտուղարությունը,
- Ընտրում է Կուսակցության Գլխավոր քարտուղարության տնօրեն,
- Քաղաքական խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն,
- Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դրամական ծախսերի նախահաշիվները,
- Կայացնում է որոշումներ` Կուսակցության մարմինների կողմից Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարման դեպքում՝ Կուսակցության անխափան գործունեությունն ապահովելու համար,
- Իրականացնում է սույն Կանոնադրությամբ և Կուսակցության Համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Կուսակցության նախագահի բացակայության ընթացքում նրա պարտականությունները կատարում է Կուսակցության Քաղաքական խորհուրդի անդամներից մեկը՝ Կուսակցության նախագահի որոշմամբ:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Կուսակցության գլխավոր քատուղարությունն իրականացնում է Կուսակցության գործավարության, կազմակերպչական, տեխնիկական ապահովման և տեխնիկական սպասարկման գործառույթները:
- Կուսակցության գլխավոր քարտուղարությունը ձևավորվում է Կուսակցության նախագահի կողմից և գտնվում է վերջինիս ենթակայության ներքո:
- Կուսակցության գլխավոր քարտուղարությունը՝
- ապահովում է Կուսակցության փաստաթղթաշրջանառությունը,
- իրականացնում է դիմումների և այլ փաստաթղթերի ընդունում, մուտքագրում, ելքագրում, հասցեագրում և վերահասցեագրում,
- իրականացնում է փաստաթղթաշրջանառության նկատմամբ վերահսկողություն,
- իրականացնում է Կուսակցության տեղեկատվության հավաքագրում և տրամադրում,
- աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Կուսակցության հաստիքային աշխատողներին,
- այլ գործառույթներ, որոնք արգելված չեն օրենսդրորեն կամ սույն Կանոնադրությամբ:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
- Կուսակցության գործունեության վերահսկման նպատակով Համագումարի կողմից չորս տարի ժամկետով ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովը:
- Վերահսկիչ հանձնաժողովը հաշվետու է Կուսակցության Համագումարին:
- Վերահսկող հանձնաժողովը վերահսկում է`
- Կուսակցության դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացները,
- Կուսակցության անդամների գործունեության համապատասխանությունը Կուսակցության քաղաքական և գաղափարական գծին,
- հետազոտական կենտրոնի, Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովների գործունեությունը,
- Կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները,
- կատարում այլ գործառույթներ, որոնք հանձնարարվում են Կուսակցության Համագումարի կողմից:
- Վերահսկող հանձնաժողովի անդամը չի կարող լինել Կուսակցության ղեկավար որևէ մարմնի անդամ:
- Վերահսկող հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը համակարգում է Վերահսկող հանձնաժողովի աշխատանքները:
- Վերահսկող հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կուսակցության քաղաքական խորհուրդի նիստերին։
- Վերահսկող հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ` հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկող հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Վերահսկող հանձնաժողովի և Ժողովի որևէ անդամի պահանջով:
- Վերահսկող հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների 2/3-ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստում կազմվում է արձանագրություն` հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
- Վերահսկող հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե այլ բան չի սահմանվել Համագումարի կողմից։
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
- Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, կուսակցական անդամավճարները, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։
- Կուսակցության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։
- Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։
- Կուսակցության գույքը և դրամական միջոցները տնօրինում է Կուսակցության Նախագահը:
- Կուuակցության տարածքային և կառուցվածքային uտորաբաժանումները Կուսակցության կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և oգտագործում են Կուսակցության Քաղաքական խորհրդի կողմից նախատեuված uահմաններում ու կարգով:
- ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Կուսակցության վերակազմակերպումը և (կամ) լուծարումը կարող է կատարվել Կուսակցության Համագումարի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով: Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) մեկ այլ կուսակցության (կուսակցությունների):
- Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Կուսակցության Քաղաքական խորհուրդը կամ Կուսակցության Համագումարի պատվիրակների առնվազն 2/3-ը՝ գրավոր պահանջով:
- Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին որոշումն ընդունվում է Կուսակցության Համագումարի ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:
- Կուսակցության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կուսակցության Կանոնադրությամբ նախատեսված պահանջներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
- Եթե Կուսակցության լուծարման համար հրավիրված Համագումարն իրավազոր չէ, ապա Կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է Քաղաքական խորհուրդը: Իսկ Կուսակցության Քաղաքական խորհուրդի իրավազոր չլինելու դեպքում Կուսակցությունը լուծարվում է Կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում Կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, Կուսակցության Համագումարը կամ Քաղաքական խորհուրդը այլ որոշում չի կայացրել:
- Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է Կուսակցության գործունեությունը, ապա Կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը։
- Սույն Կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: