🇦🇲Անկախութան սերնդին.

Անկախ մեր քաղաքական աշխարհայացքից և գաղափարաբանական մոտեցումներից, մե՛ր երկրում, շեշտում եմ մե՛ր երկրում, ո՛չ թե պետությունում, ձևավորվել, կրթություն և դաստիարակություն է ստացել և համոզմունքներ է ձևավորել մի սերունդ, որը ֆանտաստիկ գեղեցիկ է և խելացի, իր տարիքին անհամապատասխան իմաստուն և ներքին որակներով մրցունակ: Այս սերունդի ներքին գենային ճշմարիտ աշխարհընկալման և արժեհամակարգի ռեսուրսն այն աստիճան հզոր է, որ նույնիսկ քաղաքական տարաբնույթ շահարկման և կիրառման չի ենթարկվում: Նրանք իրենց միկրոաշխարհում և միկրոմիջավայրում ստեղծում են արժեքներ: Նրանք ստեղծագործում, արարում, նկարում, գրում, երգում, կռվում և նույնիսկ իրենց երազանքներում նպատակասլաց են՝ մաքառելով հայերեն: Մաքուր են, մնայուն, ճաշակով, մեկ-մեկ անճաշակ, բայց անկեղծ են և իրենց մեջ կրում են, թե իրենց հայ ընտանիքի և հայ մարդու ինքնատիպ կոդը և արժեքները, թե ժամանակակից ինֆորմացիոն առաջատար փորձն ու լուծումնեը: Նրանց արժեքները թե՛ ունիվերսալ են, և թե՛ զուտ խտացված՝ իրենց ինքնատիպ հայկականությամբ: Սա հզոր սիմբիոզ է, որի ներքին ռեսուրսային ուժն է մեզ բոլորիս մղելու առաջ դեպի նոր ազգանվեր բարձրունքներ: Նրանք նորից դառնալու են և չեմ վախենա այդ բառից (արհամարելով պոլիտ կոռեկտությունը) մեր հայ տեսակի շեշտման և բացառիկության հավաստումը:
 
Տխմարություն է մեր հայկականության և այդ տեսակի թերագնահատումը: Դա նախ և առաջ խոսում է գիտելիքի պակասի և սեփական ազգի պատմությանը բացարձակ անծանոթ լինելու, էժան պրիմիտիվության, ինչպես նաև մաքառման դժվարությունը տանելու և այն հաղթահարելու ներքին ուժ գտնելու հզորությունը չընկալելու մասին: Եվ որ ավելի վատ է չգնահատելու և արժևորելու այն ամենն ինչ ունես և ինչով պետք է հպարտանալ: Ես չգիտեմ որևէ այլ ազգ կամ ժողովուրդ, որը ունենա այս աստիճանի վերապրման և ներքին ինքնաքննադատման, ինչպես նաև դրա հիմքով արժեք և բովանդակություն ստեղծելու ներքին պոտենցիալ, մղում և շարժառիթ: Ես առավել քան վստահ եմ, որ մեր ներքին ազգային հզոր ուժը մեր սերունդն է, որն ունի անհավանական ուժեղ ներուժ և հայկականության ինքնատիպություն, որի արգասիքներով մենք դեռ հպարտանալու բազմաթիվ առիթներ ենք ունենալու: Քաղաքականությունն անցողիկ է, բայց արժեքները հավերժ են, որոնք ինքնապահպանման ժամանակային քննությունը հանձնել են հաղթանակով և այսուհետ նույնպես մնալու են պատվով և շարունակական:
 
Բոլոր այն «կույր օտարամոլ» և դրա հետևանքով էպիզոդիկ տպավորվածությամբ համեմատությունները՝ որոնք մեր տեսակի և բնույթի քննադատության և նույնիսկ հեգնանքի առիթ, ինքնահաստատման և տարբերվելու միտում ունեն՝ արժանի են քմծիծաղի: Քանզի դրանք ի ցույց են դնում կատարածուների զուտ սնանկությունն ու բարդույթավորվածությունը: Մեր հայ տեսակի ինքնատիպությունը, ներքին իմացական և ստեղծարար բնույթը շարունակելու և ամեն անգամ ապացուցելու են մեր այսօրվա և ապագա սերունդները ճիշտ այնպես, ինչպես դա արել են նրանց պապերն ու տատերը:
 
Ով կարծում է, որ ունիվերսալ վերազգային ֆորմուլաները և գաղափարները ավելի կարևոր և մրցունակ են ազգայինի և իրենց ամրությունն ապահոված և ապացուցած արժեքների նկատմամբ՝ սխալվում է: Սա նեղմտության արդյունք է, որը որևէ կապ չունի առաջադիմականության հետ: Հայկականության թերարժևորումն իմացական կոմպլեքս է:
🇦🇲Անկախության սերնդի ծնողներ
………………………………………………………..
չմտածեք, թե արտագաղթելու եք երկրից: Չմտածեք, թե վիրավոր ու նվաստացած երկիրը թողնելու եք գնաք ու պատիվ ու արժանապատվություն վերագտնեք օտար, բայց շատ արագ հարազատ դարձող ափերում: Չմտածեք, թե էլ բան չկա անելու ու ինչքան մաղձ ու անբավարարվածություն ունեիք թափեցիք սեփական հողի մեջ ու հիմա ուրիշ օտար հող եք ման գալու, որ գովաք, անունն էլ դնեք «օրենքի երկիր»: Չմտածեք, թե էս հողն ու երկիրը ձեր առաջ մեղավոր է, որ ձեզ հիասթափեցրեց: Չմտածեք, թե դուք մեղավոր չեք և ուրիշն է մեղավոր ձեր փոխարեն:
 
Մտածեք, որ երկիրը բացի ձեր իրավունքից նաև ձեր պատասխանատվության կարիքն ունի: Մտածեք, որ սխալը ընդունելը ավելի մեծ առաքինություն է, քան սխալն ու մեղքը ընդունելուց վախենալն ու այն պնդելը: Մտածեք, որ միգուցե ձեր կարծիքը, շահն ու պահանջը երկրորդային է և առաջնային պետք է դարձնել խելամիտի և փորձառուի խորհուրդն ու խոսքը: Մտածեք, որ գործ ունեք անելու: Մտածեք, որ սերունդ ունեք առաջ տանելու, որը հայերեն պետք է մտածի: Մտածեք, որ այդ սերնդի համար հիշողություն պետք է դառնաք ձեր հայրական տանն ու օջախում: Մտածեք, որ դուք պետք է դեռ դառնաք իրական ու արժանավոր տերը ձեր երկրի, ոչ թե նրանք ովքեր համոզել էին, թե իբր տեր եք, բայց թողեցին անտեր:
Չմտածեք թե ձեր պարտքը իմ երկրին այսքանն էր ու կարելի է գնալ, որովհետև դե գիտես սրանք էլ… : Լավ դաս էր բոլորիս: Ցավոտ ու դաժան դաս տվեցինք ինքներս մեզ: Կանգնել մինչև վերջ, դեռ գործ, քրտինք, հոգի ու ոգի է ուզում այս հողը մեզանից: Չմտածեք գնալ, պարտք ունեք տալու…