«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ, Երևան – 2019

ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ

1․ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  3. ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  4. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

5.1. Առողջապահություն

5.2 Կրթություն և գիտություն

5.3 Մշակույթ և արվեստ

  1. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
  2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  3. ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  4. ՏՐԱՆՍՊՈՐՏ
  5. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

11․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԵՎ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

  1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ

 

ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԶԱՆՈՒՄ, ՄԵՐ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ

«Մեկ Հայաստան» կուսակցության ստեղծման նպատակն է՝ խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի ու պետականամետ մտածողության արմատավորմանը:

«Մեկ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները միավորվել են պետականակենտրոնության, քաղաքացիակենտոնության, մարդասիրության և արդիականացման գաղափարների շուրջ:

Մեր աշխարհայացքի հիմքում որպես սկզբունք ունենալով ազնվությունը, արդարամտությունը, պատասխանատվությունն ու համոզմունքայնությունը՝ մենք կտրականապես մերժում ենք պոպուլիզմն ու պատեհապաշտությունը: Մենք համոզված ենք, որ միայն մեր դավանած սկզբունքներով առաջնորդվող գործիչները կարող են իրենց ամենօրյա աշխատանքով վաստակել հանրության վստահությունը, միայն նրանք ունեն բարոյական իրավունք՝ հանդես գալ ողջ հասարակության կամ պետության անունից։

Որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մենք մերժում ենք գաղափարախոսական բևեռացվածությունը և արմատականությունը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի առջև ծառացած ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների արդյունավետ լուծումները պահանջում են գաղափարական խելամիտ հավասարակշռություն անհատի և հասարակության, մասնավոր և հանրային սեփականության, բիզնեսի և սպառողի իրավունքների ու շահերի պաշտպանության, ազատ շուկայի և սոցիալական պետության սկզբունքների պահպանման, ազգային ինքնակերպության պահպանման և միջմշակութային հաղորդակցության զարգացման միջև, ինչպես նաև նույնպիսի խելամիտ հավասարակշռված հարաբերություններ միջազգային թատերաբեմում։

Որպես քաղաքական երկխոսության ջատագով կուսակցություն՝ մենք մերժում ենք նաև քաղաքական պայքարի հակամարտային ձևերը և ծայրահեղականությունը։ Մենք համոզված ենք, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմադրողունակ ամուր պետություն և հասարակություն, ազատ, ստեղծագործող ու արարող, բարոյական բարձր նկարագիր ունեցող քաղաքացի կարելի է կերտել միայն ներհասարակական համերաշխության պայմաններում և բռնության ցանկացած ձև մերժող համագործակցային ու փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման միջոցով։

Հիմնվելով մեր աշխարհայացքային հիմնասկզբունքների և գաղափարական հենասյուների վրա՝

  • Մենք կարևորում ենք Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության ներպետական ու միջազգային ընթացակարգերի ներդաշնակությունը:
  • Մենք կարևորում ենք ներքին և արտաքին հարաբերություններում ինքնիշխան, ուժեղ, ժողովրդավարական, սոցիալական և իրավական Հայաստանի պետության կայացումը։
  • Մենք կարևորում ենք Արցախի Հանրապետության արտաքին անվտանգության շարունակական ամրապնդումն ու պետականության ինստիտուտների կայուն զարգացումը՝ դա համարելով ողջ հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության խնդիր, անվտանգության, քաղաքական, տնտեսական և հասարակական առաջընթացի գրավական:
  • Մենք կարևորում ենք Հայաստան-Սփյուռք գործակցության շարունակական զարգացումն ու արդյունավետացումը, Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը՝ որպես համահայկական շահերի պաշտպանության, հայ ժողովրդի համաշխարհային դիմադրողականության բարձրացման անփոխարինելի գրավական:
  • Այս ամենում մենք առանցքային ու ելակետային ենք համարում ազգային ինքնության հենասյուները՝ ազգային մշակութային ժառանգությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն և հայ մշակույթի քաղաքակրթածին նշանակությունը:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21-րդ դարում Հայաստանի կայուն զարգացումն ու տարածաշրջանում նրա առաջատար դիրքերի ապահովումը հնարավոր է միայն Հայաստանը ժամանակակից պետություն դարձնելու միջոցով:

Մեր պատկերացրած արդիականացված Հայաստանն իրական իրավական պետություն է, որտեղ

  • Պետական իշխանությունը ձևավորվում է բացառապես քաղաքացիների կողմից՝ ազատ, արդար և պարբերական ընտրությունների միջոցով, բացառելով որևէ անհատի կամ խմբի կողմից իշխանության սեփականացումը:
  • Երաշխավորված է պետական իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի տարանջատումը, դրանց ձևավորումը և գործունեությունը՝ զսպումների ու հակակշիռների գործուն մեխանիզմի հիման վրա:
  • Բոլորը հավասար են օրենքի առջև, մարդկանց իրավունքները պաշտպանված են՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և ֆինանսատնտեսական հնարավորություններից:
  • Պետական իշխանությունն այստեղ միջամտում է հասարակական և տնտեսական գործընթացներին միայն բացառիկ՝ օրենքով նախատեսված և միայն մարդու ու քաղաքացու հիմնարար իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ արդարացված ու հիմնավորված դեպքերում:
  • Չկա զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ պետական վերահսկողություն: Հակառակը՝ անկախ ԶԼՄ–ները լիարժեք իրականացնում են պետական իշխանության մարմինների հաշվետվողանակության, նրանց գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովման իրենց գործառույթը։ Իսկ խոսքի ազատությունը և մամուլի անկախությունն ապահովված են լրագրողների մասնագիտական համերաշխությամբ, մասնավոր և հանրային ԶԼՄ-երի առողջ մրցակցությամբ:

Արդիականացված Հայաստանն իրական սոցիալական պետություն է, որտեղ

  • Պետական սոցիալական քաղաքականությունն ուղղված է բնակչության բարձր կենսամակարդակի և կյանքի որակի, բնակչության եկամուտների իրական աճի և առաջնային նշանակության ապրանքների ձեռքբերման մատչելիության ապահովմանը:
  • Պետությունը երաշխավորում է արժանապատիվ և լիարժեք կյանք ծերերի, հաշմանդամների ու սոցիալապես խոցելի այլ քաղաքացիների համար, իրականացնում է մարդկանց կենսական հնարավորությունների հավասարեցման քաղաքականություն:
  • Պետական բյուջեի ծախսերն առաջնահերթորեն ուղղված են դեպի մարդը՝ նրա անվտանգությանը, ֆիզիկական առողջությանը, մտավոր և հոգևոր զարգացմանը, նրա կենսական միջավայրի կազմակերպմանը, պետական քաղաքականության շարունակական արդյունավետացմանը:

Մեր պատկերացրած Հայաստանն ունի ազատական, գիտատար, ապակենտրոնացված և «կանաչ» տնտեսություն, մասնավորապես՝

  • Մարդու ինքնաիրացման համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Պետությունը երաշխավորում և պաշտպանում է սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը, ապահովում յուրաքանչյուր քաղաքացու ձեռնարկատիրական գործունեության համար նպաստավոր իրավական միջավայր և բացառում բիզնես գործունեությանն անհարկի միջամտությունը:
  • Գործում է հարկային պարզ համակարգ, կայուն, երկարաժամկետ, թափանցիկ և կանխատեսելի հարկային քաղաքականություն, իսկ հարկային բեռը բաշխված է հավասարաչափ և արդարացի՝ նպաստելով գործարար միջավայրի զարգացմանը:
  • Տնտեսության կարևորագույն հիմնասյուներն են գիտությունն ու կրթությունը: Տեխնոլոգիական առաջընթացը և նորարարությունների ներդրումը կնպաստեն երկրի արտաքին տնտեսական կախվածության կրճատմանը, աշխատաշուկայի կառուցվածքի փոփոխությանը և համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը:
  • Ապահովված է պարենային անվտանգությունը, կենսական նշանակության ապրանքների ձեռքբերման հասանելիությունն ու մատչելիությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:
  • Ապավովված է տարածքային համաչափ զարգացումը՝ նվազագույնի հասցնելով երկրի հարուստ և աղքատ բնակավայրերի միջև տարբերությունները, մարզերում տնտեսական ակտիվության խթանման միջոցով ապահովվում է տնտեսական գործունեության ապակենտրոնացումը:
  • Ապահովված են էկոլոգիական ստանդարտները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, իրականացվում է զանգվածային սպորտի տարածմանը և առողջ ապրելակերպի արմատավորմանն ուղղված պետական քաղաքականություն:

Մեր պատկերացրած Հայաստանում քաղաքացիներն ստանում են որակյալ կրթություն և ունեն ստեղծագործելու ազատություն, քանի որ

  • Կրթությունը մարդու և քաղաքացու կերտման կարևորագույն միջոցն է, իսկ պետությունը պետք է երաշխավորի որակյալ և ժամանակակից միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթություն իր բոլոր քաղաքացիների համար:
  • Արվեստն ու մշակույթը երկրի հզորացման գրավականն են, և իշխանությունները պետք է ապահովեն ստեղծարար մտքի զարգացման և ստեղծագործելու ազատության անհրաժեշտ պայմանները: Պատմամշակութային ժառանգության պահպանումը և ժամանակակից արվեստի հանրառչակումը կնպաստեն երկրի գրավչության ու միջազգային հեղինակության բարձրացմանը` խթանելով միջմշակութային կապերը և մշակութային տուրիզմի զարգացումը:

Ապագայի Հայաստանը քաղաքացիակենտրոն և մարդասիրական իրավակարգ ունեցող պետությունն է, որտեղ պետական անվտանգության քաղաքականության հիմքում քաղաքացին է, իսկ իրավապահ մարմինների գործունեությունն ուղղված է հանրային խաղաղ կյանքի ապահովմանը: Հանցագործությունների համար կիրառվող պատիժների հիմքում պետք է ընկած լինի ոչ թե դաժանությունը, այլ՝ պատասխանատվության անխուսափելիությունը, իսկ պատժի միջոցների նպատակը պետք է լինեն հանցագործություն կատարած անձի ուղղումը և նոր հանցագործությունները կանխելը:

Ապագայի Հայաստանը կառուցում է անվտանգ արտաքին միջավայր և փոխշահավետ արտաքին հարաբերություններ, մասնավորապես՝

  • Ձգտում է խաղաղ, բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատել այլ պետությունների հետ, ավելացնել գործընկեր և դաշնակից երկրների թիվը՝ շնորհիվ թշնամանքի և հակամարտությունների դադարեցման, արդյունավետ դիվանագիտության միջոցով նվազագույնի հասցնել պատերազմի և զինված բախումների հավանականությունը:
  • Պետության արտաքին անվտանգությունն ու ինքնիշխանությունը հուսալիորեն ապահովվում է ինչպես զինված ուժերի, այնպես էլ միջազգային լայն կապերի, արտաքին առևտրի, կրթական և մշակութային կապերի բազմազանեցման միջոցով:

 

  1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

«Մեկ Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ ամուր և ժամանակին համընթաց զարգացող պետություն ունենալու համար կենսականորեն անհրաժեշտ է բարեփոխել Հայաստանի կառավարման համակարգը։ Ըստ որում, այդ բարեփոխումները պետք է ուղղված լինեն ոչ թե հնի ամբողջական կործանմանը, այլ արդեն առկա դրականի և օգտակարի զարգացմանն ու կատարելագործմանը: Բարեփոխումները պետք է նպաստեն քաղաքացիական խաղաղությանը և համաձայնությանը, հասարակության միավորմանը և ոչ թե նրա բաժանմանը: Բարեփոխումները պետք է ուղղված լինեն հասարակության մեծամասնության, այլ ոչ թե նեղ խավի շահերի սպասարկմանը:

Քաղաքական նպատակներին հասնելու միջոցները մեզ համար ոչ պակաս կարևոր են, քան հենց նպատակները: Մենք դեմ ենք ուժային և բռնի եղանակներով քաղաքական խնդիրների լուծման ցանկացած փորձի և համարում ենք, որ լավագույն և միակ ընդունելի ճանապարհը քաղաքական ուժերի երկխոսությունն է, որի միջոցով միայն կարելի է գտնել խնդիրների փոխզիջումային և քաղաքացիակենտրոն լուծումներ։ Միայն այս տարբերակը հասարակությունը կմղի դեպի գլխավոր նպատակը՝ Հայաստանը դարձնել երկիր քաղաքացիների ճնշող մեծամասնության համար:

Այդ գլխավոր նպատակին հասնելու ուղին մենք տեսնում ենք Հայաստանում մասնակցային կառավարման մշակույթի արմատավորման մեջ․ քաղաքացին պետք է ունենա ոչ միայն իրավունք, այլ նաև իրական հնարավորություն ուղղակիորեն և իր ներկայացուցիչների միջոցով մասնակցելու պետական կառավարմանը և բարեփոխումներին,  իրացնելու իր քաղաքական կամքը, էներգիան, գիտելիքներն ու փորձառությունը:

Մասնակցային կառավարումը ենթադրում է նաև պետական կառավարման ոլորտում որոշումների ընդունման գործընթացի թափանցիկություն հասարակության լայն շրջանակների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և առանձին մասնագետների համար։

Մենք նաև համոզված ենք, որ կա ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն։ Մասնավորապես, անհրաժեշտ է հրաժարվել պետական ծառայության տարաբնույթ և հատուկ կարգավիճակ ենթադրող տեսակներից։ Պետական ծառայությունը պետք է բաժանված լինի միայն զինվորական և քաղաքացիական ծառայության։

Ըստ որում՝ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական ծառայության համակարգի իրական չեզոքությունը՝ հիմնված մրցունակության, կայունության, փորձառության և կոմպետենտության վրա: Այդ նպատակով՝ քաղաքացիական ծառայության համակարգում անհրաժեշտ է ներդնել արժանիքահենք և մրցունակ համալրումների ու առաջխաղացման գործուն մեխանիզմներ: Մասնավորապես, որպեսզի հասարակություն և պետական կառավարման համակարգ մուտք գործեն պիտանի գիտելիքներով և հմտություններով շրջանավարտներ, անհրաժեշտ է ստեղծել հանրային կառավարման փորձագետների և տեսաբանների երկխոսության հարթակ, վերանայել հանրային կառավարման մասնագետներ պատրաստող հաստատությունների կրթական ծրագրերը:

Պետական ծառայությունը պետք է լինի նաև գրավիչ, իսկ դրա համար անհրաժեշտ է ներդնել արժանապատիվ ու մրցունակ վարձատրության համակարգ և ծառայողներին տրամադրել սոցիալական տարբեր երաշխիքներ:

Պետական ծառայողը պետք է ունենա նաև բարոյական բարձր նկարագիր և, այդ նպատակով, մենք անհրաժեշտ ենք համարում պետական ծառայողների քաղաքացիական, մասնագիտական և աշխատանքային ինքնագիտակցության, պատասխանատվության և բարեվարքության մակարդակի բարձրացումը:

Իսկապես ամուր, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կառուցման ճանապարհին գլխավոր խոչընդոտը մենք համարում ենք կոռուպցիան։ Դրա վերացումն ու կանխարգելումը պետական կառավարման համակարգում պետության արդյունավետ գործառնության հիմնարար պայմաններն են: Ուստի՝ կենսականորեն անհրաժեշտ է հանրային մշակույթից արմատախիլ անել կոռուպցիան և վերացնել պետական կառավարման համակարգ դրա ներթափանցման ցանկացած սողանցք:

 

  1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ միայն շուկայական և մրցակցային տնտեսության զարգացման միջոցով կարելի է երկրում երաշխավորել սոցիալական արդարությունը և համերաշխությունը: Ըստ որում, անհրաժեշտ է ապահովել ոչ միայն տնտեսական աճի կայուն տեմպ, այլ նաև դրա այնպիսի որակ, որը կապահովի տնտեսական զարգացում և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացում:

Հայաստանի տնտեսական քաղաքականության նպատակներ պետք է դառնան սեփականության իրավունքի պաշտպանությունը, ձեռնարկատիրությանն օժանդակումը և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումը:

Տնտեսական քաղաքականության հիմնասկզբունքներ պետք է հռչակվեն․

  • Տնտեսական զարգացման սոցիալական ուղղվածությունը

Բնակչության կողմից նյութական բարիքների սպառման մակարդակի, կրթության և առողջապահական ծառայությունների, բնակարանային-կենցաղային պայմանների մատչելիության և որակի բարձրացումը պետք է դառնան պետության ռազմավարական առաջնահերթություններ:

  • Հասարակության գույքային և եկամտային բևեռացման կրճատումը

Մեր համոզմամբ, դա հնարավոր է միայն ազգային արդյունքի բաշխման սկզբունքները հօգուտ հասարակության նվազ ապահովված խավերի արմատականորեն փոփոխելու միջոցով:

Անհրաժեշտ է ընդունել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիր, որի ելակետային սկզբունքներ պետք է հռչակվեն

  • Տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ու հնարավորությունների ստեղծումը

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրական հնարավորություն: Պետությունն անհրաժեշտաբար պետք է բարելավի գործարար միջավայրը և խթանի ձեռնարկատիրական գործունեությունը՝ գործարար հակումներ ունեցող քաղաքացիների համար ապահովելով ինքնաիրացման հնարավորություններ և պայմաններ ստեղծելով միջին խավի ձևավորման համար։

Բիզնեսը պետք է զերծ լինի պետական չհիմնավորված կարգավորումներից ու միջամտություններից: Մասնավորապես, անհրաժեշտ է բարեփոխել ապրանքների ու ծառայությունների արտադրության, ներմուծման և արտահանման գծով արտոնագրային համակարգը` բացառելով ավելորդ թղթաբանությունը և բյուրոկրատական քաշքշուկները։

Պետությունը պետք է խթանի հատկապես ինովացիոն գործունեությամբ զբաղվողներին, նորագույն տեխնոլոգիաների և արդյունաբերության ճյուղերում ներդրումների իրականացումը, ինչպես նաև ապահովի պայմաններ բարձր տեխնոլոգիական և գիտատար արտադրությունների զարգացման համար:

  • Ազատ մրցակցության ապահովումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս սեփականության իրավունքի պաշտպանությանը, անձեռնմխելիությանը և աստիճանական բազմազանեցմանը։ Դրա նպատակը պետք է լինի օրինական մեթոդներով ազգային ռեսուրսների նկատմամբ վերահսկողության վերաբաշխումը օլիգարխիայից դեպի հասարակության միջին և մանր սեփականատերերի շերտերը: Օլիգարխիականի փոխարեն պետք է ստեղծվի քաղաքացիական ազգային կապիտալիզմ:

Իրապես մրցակցային շուկայի ձևավորման համար մենք անհրաժեշտ ենք համարում հակամենաշնորհային քաղաքականության վերանայումը, նախևառաջ, հակամենաշնորհային քաղաքականության ռազմավարական ծրագրի մշակումը և իրականացումը, անբարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործունեություն ծավալելու համար սահմանված պատասխանատվության առավելագույն խստացումը, դրա դեմ պայքարի տնտեսական և վարչական գործիքների արդյունավետ զուգակցումը։

Օրենսդրորեն պետք է ամրագրվեն սահմանափակումներ բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից ներդրումների իրականացման և ինքնարժեքի ձևավորման հարցում։ Պետք է ապահովվեն սակագնային քաղաքականության մշակման, քննարկման և իրականացման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, սահմանափակվի մատակարարող ընկերությունների կողմից արտադրական կորուստների չափը։

Արդյունավետ տնտեսական քաղաքականությունը ենթադրում է նաև տնտեսական զարգացմանն ուղղված հարկային քաղաքականություն։ Մասնավորապես, մեր համոզմամբ, պետությունը պետք է հարկային ժամանակավոր արտոնություններ (այդ թվում՝ հարկերից ազատման ձևով) տրամադրի նորաստեղծ բիզնես–ընկերություններին, հարկերից ընդհանրապես ազատի սոցիալական նշանակության խնդիրներ լուծող փոքր բիզնեսի սուբյեկտներին, նվազեցնի փոքր բիզնեսի մյուս սուբյեկտների հարկային բեռը և կիրառի հարկային պարզ վարչարարություն:

Անհրաժեշտ է հարկային բեռը ցածր եկամուտներ ունեցողներից տեղափոխել բարձր եկամուտներ ունեցողների վրա, սահմանել եկամտային հարկի չհարկվող շեմ, պետության կողմից հարկային արտոնությունների տրամադրման միջոցով փոխհատուցել անշարժ գույքի ձեռքբերման և մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերը, սահմանել գույքահարկի իրական պրոգրեսիա` գույքային բարձր հնարավորություններ ունեցող անձանցից լրացուցիչ հարկերի գանձման նպատակով։

Մենք առանձնահատուկ կարևորում ենք նաև պետական բյուջեի միջոցների խնայողաբար, արդյունավետ և նպատակային օգտագործումը, իսկ այդ նպատակով՝ պետական գնումների կազմակերպումը և անցկացումը մրցակցային, թափանցիկ և հրապարակային հիմունքներով: Մասնավորապես, պետք է ապահովել պետական գնումների ոլորտում տնտեսվարող բոլոր սուբյեկտների՝ գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարությունը և մրցակցությունը: Անհրաժեշտ է նաև բյուջետային ծախսերի արդյունավետության, հիմնավորվածության և թափանցիկության աստիճանի բարձրացում, այդ թվում՝ հանրային վերահսկողության համակարգի կատարելագործման միջոցով։

Տնտեսության զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է նաև ակտիվ մասնակցությունը միջազգային առևտրին։ Այդ նպատակով, մենք անհրաժեշտ ենք համարում տնտեսության մրցունակության բարձրացումը, արտաքին շուկաներում հայրենական ապրանքների իրացման հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև տնտեսության բացության աստիճանի և հայրենական արտադրության շահերի պաշտպանության միջև հավասարակշռության ապահովումը։

Ժամանակակից հզոր և մրցունակ գյուղատնտեսությունը մենք համարում ենք երկրի ազգային անվտանգության հիմքը, քանի որ անարդյունավետ գյուղատնտեսությունն իրական սպառնալիք է պարենային անվտանգության համար: Այդ իսկ պատճառով, պետությունը պարտավոր է գյուղացու հետ կիսել բոլոր ռիսկերը:

Գյուղատնտեսության զարգացման ոլորտում մենք անհրաժեշտ ենք համարում.

  • Տեղական արտադրության հնարավորությունների ընդլայնման նպատակով՝ մշակել և գործարկել ագրոպարենային համալիրի ճյուղերի զարգացման համալիր ռազմավարություն,
  • Գործուն միջոցներ ձեռնարկել չմշակվող հողերի կրճատման ուղղությամբ, որպեսզի դրանց սեփականատերերը կա՛մ իրենք մշակեն այդ հողերը, կա՛մ փոխանցեն այլ սեփականատերերի,
  • Տնտեսավարման առաջավոր մեթոդների կիրառման և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցով՝ բարձրացնել ագրարային ոլորտի մրցունակությունը, ագրարային համալիրի գործունեության արդյունավետությունը,
  • Ստեղծել բարենպաստ պայմաններ կոոպերացման սկզբունքների իրացման համար և խթանել խոշոր արտադրության` որպես առավել մրցունակ և արտադրողական ճյուղի զարգացումը,
  • Ուժեղացնել ագրարային ոլորտում պետության տնտեսական ներգործությունը, մասնավորապես՝ կատարելագործել գյուղատնտեսական արտադրության սուբսիդավորման և առանձին ծրագրերի արտոնյալ վարկավորման մեխանիզմները, սահմանել հարկման բարենպաստ ռեժիմներ,
  • Ստեղծել արտադրության այնպիսի կառուցվածք և ծավալներ, որոնք կապահովեն պարենային հիմնական ապրանքների նկատմամբ առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը,
  • Գյուղմթերքի իրացման ոլորտում ձևավորել շուկայական ենթակառուցվածքներ, զարգացնել մատակարարող ու սպասարկող կազմակերպությունների ցանցը, դրանք մոտեցնել գյուղատնտեսական արտադրությանը, ակտիվացնել ինտեգրացիոն համագործակցությունը գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության միջև, առավելագույնս օգտագործել վերամշակող կազմակերպությունների հզորությունները, ընդլայնել արտահանումը։

 

  1. ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հայաստանում տուրիզմի զարգացումն էականորեն կխթանի տնտեսական ակտիվությունը` նպաստելով մասնավոր նախաձեռնությունների իրականացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բյուջետային եկամուտների ավելացմանը, ինչպես նաև կդառնա Հայաստանի տարածաշրջանների զարգացման կարևորագույն գործիք:

Մեր համոզմամբ, տուրիզմի զարգացման գործում անհրաժեշտ է սերտ համագործակցություն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր ընկերությունների միջև։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք

  • Պետական մակարդակով ներդնել վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմներ կապիտալատար տուրիստական նախագծերի համար։
  • ՏԻՄ–երի և մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ՝ պետական մակարդակով իրականացնել մանկական, պատանեկան և ուսանողական տուրիստական ակումբների վերականգնման ծրագիր։

Այդ ակումբների նպատակը կլինի երեխաների և երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությանը նպաստելը, նրանց կրթական, դաստիարակչական և հանգստի խնդիրների լուծումը:

  • Պետության, ՏԻՄ–երի և մասնավոր ընկերությունների համագործակցությամբ՝ ստեղծել ազգային տուրիստական ուղիների ռեեստր, որը կներառի հայոց պատմության և մշակույթի լավագույն դրվագները, բնական հարստությունն ու բազմազանությունը լավագույնս արտացոլող երթուղիների ցանկը:

Նման երթուղիները պետք է հագեցած լինեն տրանսպորտի, զվարճանքի և հանգստի ենթակառուցվածքներով, որը թույլ կտա անվտանգ և հարմարավետ ճանապարհորդել երկրի ամբողջ տարածքում թե՛ անհատապես, թե՛ տուրիստական խմբի կազմում, ավտոբուսով, սեփական մեքենայով կամ ոտքով։

  • Պետության, ՏԻՄ–երի և մասնավոր ընկերությունների համագործակցությամբ՝ ներդնել միասնական տուրիստական քարտ, որը կտա ուղևորափոխադրող ընկերությունների ծառայություններից օգտվելու իրավունք, զեղչեր տուրիստական ծրագրում ընդգրկված թատրոնների և թանգարանների տոմսերի, ինչպես նաև հյուրանոցների և ռեստորանների ծառայությունների համար։
  • ՏԻՄ–երին վերապահել տվյալ տարածքում տուրիստական նպատակով գտնվող ֆիզիկական անձանցից տուրիստական գանձումներ կատարելու իրավունքը, և այդ գումարն, ինչպես նաև այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացումներն օգտագործել տվյալ համայնքում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման ու պահպանման համար։

 

  1. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հայաստանի գլխավոր հարստությունը երկրում բնակվող մարդիկ են: Ուստի, պետական քաղաքականության կենտրոնում պետք է լինի մարդը, նրա լիարժեք կայացման, ունակությունների ու տաղանդի բացահայտման և արդյունավետ իրացման հնարավորությունների ստեղծումը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ազատ և արժանապատիվ կյանքի երաշխիքների ստեղծումը պետք է լինի պետության գլխավոր նպատակը:

Բնակչության կյանքի տևողության աճը, որակյալ բժշկական ծառայությունների և կրթության մատչելիությունը, աշխատանքի նկատմամբ մարդկանց հարգանքը, համերաշխությունը և փոխօգնությունը, մշակութային և ստեղծագործական հագեցած կյանքը, մարդու զարգացող անհատականությունը և նրա լավագույն հատկանիշները՝ հումանիզմը, բարությունը, ապրումակցումը և գթասրտությունը հասարակության այն բնորոշ գծերն են, որոնք մեր Կուսակցությունն առաջարկում է ստեղծել միասին:

5.1. Առողջապահություն

Երկրի զարգացման գրավականն ու պետության արդյունավետությունը որոշվում է բնակչության առողջության մակարդակով: Պետության առաջնային խնդիր պետք է դառնա առողջության պահպանումը, այլ ոչ թե զարգացող հիվանդությունների բուժումը: Ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների թվի կտրուկ նվազումը հնարավոր է միայն առողջապահության համակարգի պատշաճ կազմակերպման դեպքում:

Մենք համոզված ենք, որ պետությունը պարտավոր է բնակչության բոլոր խավերի համար երաշխավորել բժշկական օգնության առավելագույն հասանելիություն, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար բժշկական օգնությունը պետք է լինի նաև անվճար։ Բժշկական օգնության առանձին տեսակներ (ծննդօգնություն, վնասվածքաբանություն, բնածին արատների բուժում և հաշմանդամների վերականգնում, ամոքիչ բուժօգնություն և հոսպիսային խնամք) բոլոր քաղաքացիներին պետք է տրամադրվեն պետական միջոցների հաշվին։

Մենք առանձնահատուկ կարևորում ենք առողջապահության ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, նրանց շահերի գերակայությունը և դրա հետ կապված պետական երաշխիքների տրամադրումը։ Մասնավորապես, պետությունը պետք է սահմանի պետական իշխանության և ՏԻՄ–երի, բժշկական կազմակերպութունների պատասխանատու անձանց պատասխանատվությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, երաշխավորի քաղաքացիների պաշտպանվածությունը բժշկական անփութության հետևանքով առողջությանը հասցված վնասի դեպքում:

Մեր կուսակցությունը գտնում է, որ առանձին տարածաշրջաններում, այդ թվում` մարզկենտրոններում և գյուղական բնակավայրերում պետք է ստեղծվեն բժշկական օգնության և բուժծառայությունների մատուցման ժամանակակից կենտրոններ, որոնք հագեցած կլինեն անհրաժեշտ սարքավորումներով և որակյալ կադրերով:

Մենք կարևորում ենք նաև, որ բուժաշխատողի աշխատանքը պետք է արժևորվի և հարգվի պետության ու հասարակության կողմից, այդ թվում՝ նրանց աշխատանքի վարձատրության և սոցիալական պայմանների բարելավման միջոցով: Միաժամանակ, անհրաժեշտ է ներդնել առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ հիմնված բժշկական ապահովագրության վրա, ինչպես նաև ստացիոնար բուժական հաստատություններում բուժանձնակազմի թիվը համապատասխանեցնել առկա աշխատանքային ծանրաբեռնվածությանը։

5.2 Կրթություն և գիտություն

Մեր համոզմամբ, պետական կրթական քաղաքականության նպատակը պետք է լինի ազատ, ինքնուրույն, պատասխանատու քաղաքացու, բարոյական անհատի և մասնագետի ձևավորումը: Այդ նպատակին հասնելու համար կրթության համակարգը պետք է լինի բոլորին հասանելի, ժողովրդավար, մշտապես կատարելագործվող, բարձրակարգ մանկավարժներով համալրված:

Կրթության համակարգի զարգացման երաշխիքը որակյալ կրթության, դրա մատչելիության ու շարունակականության ապահովումն է: Այդ նպատակով, մենք անհրաժեշտ ենք համարում մշակել և գործարկել կրթական քաղաքականության ռազմավարություն՝ հիմնված ցկյանս ուսումնառության սկզբունքների վրա՝ սկսած կյանքի ամենավաղ փուլում ուսուցումից մինչև բաց կրթություն բնակչության բոլոր շերտերի համար։

Մենք տեսնում ենք կրթության համակարգի ապաբյուրոկրատացման անհրաժեշտություն։ Այդ ուղղությամբ մենք կարևոր ենք համարում կրթական հաստատությունների ինքնավարության ամրապնդումը՝ մասնավորապես, ամրապնդելով դրանց կառավարման խորհուրդների իրավասությունները, նվազեցնելով պետական կառավարման մարմինների վերահսկող դերը և մեծացնելով նրանց՝ կրթական հաստատություններին մեթոդաբանական օգնություն տրամադրելու դերը, խթանելով պետական և մասնավոր հատվածների միջև սոցիալական գործընկերությունը՝ կրթական համակարգի բազմազանեցման նպատակով։

Մեր կուսակցությունն անհրաժեշտ է համարում նաև կրթության կազմակերպիչների, այդ թվում՝ բաց կրթական համակարգերի մանկավարժնախագծողների, խորհրդատուների (թյութորների) և մենեջերների պատրաստումը:

Պետական կրթական քաղաքականության թափանցիկության բարձրացման նպատակով՝ մենք անհրաժեշտ ենք համարում կրթական համակարգի տեղեկատվական բացությունը, այդ թվում՝ այդ քաղաքականության, ընդունվող որոշումների, ֆինանսական հոսքերի, կրթական հաստատությունների էլեկտրոնային ներկայությունը Ինտերնետում:

Նախադպրոցական և դպրոցական կրթության համակարգի կատարելագործման նպատակով՝ մենք կարևորում ենք կրթության բազմազանության ապահովումը և դեպի ստեղծագործ միջավայր անձին կողմնորոշելը։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք օրենսդրորեն ամրագրել նախադպրոցական և դպրոցական կրթության բազմազանությունը՝ հրաժարվելով միասնական ծրագրերից և դասագրքերից, խրախուսելով կրթության բովանդակության, ձևերի ու մեթոդների բազմազանությունը և, միաժամանակ, ապահովելով դրա արդյունքների որակի խիստ վերահսկողություն։

Մենք առաջարկում ենք նաև անցում կատարել անհատական աշխատանքի ռազմավարությանը՝ հիմնված յուրաքանչյուր երեխայի տարիքային և անհատական հնարավորությունների բացահայտման, նրա անհատականությունը հարգելու վրա, և զարգացնելով սովորողի գործառնական գրագիտությունն ու այնպիսի որակներ, ինչպիսիք են նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունը, պատասխանատվությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, մշակութային և անհատական բազմազանությունը, բռնություն չգործադրելը, քաղաքացիական ինքնագիտակցությունը, քննադատական մտածողությունը, էմոցիոնալ կոմպետենտությունը, համամշակութային կոմպետենտությունը, հաղորդակցային հմտությունները, կոնֆլիկտները լուծելու ունակությունը։

Մենք առաջնահերթ ենք համարում նաև բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը՝ մասնավորապես, դրա բազմազանեցումը, կրթության և ուսումնառության նորարարական ձևերի ներդրումը, ավարտական ատեստավորման ընթացակարգի կատարելագործումը։

Բարձրագույն կրթության հասանելիության բարձրացման և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով՝ մենք անհրաժեշտ ենք համարում ընդլայնել անվճար կրթության երաշխիքների շրջանակները՝ պետության կողմից սահմանափակ եկամուտներ ունեցողներին հասանելի կրթական վարկերի տրամադրման և սուբսիդավորման միջոցով, ինչպես նաև կատարելագործել ակադեմիական շարժունությանն ուղղված պետական աջակցության համակարգը՝ ընդլայնելով ուսանողների՝ համապատասխան մրցույթներին մասնակցելու հնարավորություններն ու ապահովելով այդ հնարավորությունների հավասարությունը:

Ժամանակակից աշխարհում գիտությունն է կանխորոշում երկրի առաջընթացն ու մարդկության զարգացման վեկտորը: Ազատությունը և գիտական առաջընթացը երկու արժեքներ են, որոնք չեն կարող գոյություն ունենալ միմյանցից անկախ: Միայն ազատ, ստեղծագործող մարդիկ կարող են առաջ տանել հասարակությունը:

Այս ուղղությամբ մեր կուսակցությունն առաջնահերթ է համարում.

  • ամրապնդել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և նրա ինստիտուտների, ճյուղային-մասնագիտացված ակադեմիաների լայն ինքնավարությունը կադրային և ֆինանսական հարցերում, վերականգնել գիտության կառավարման ժողովրդավարական հիմունքները՝ մասնավորապես, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների ընտրության հարցում,
  • համալսարաններում ընդլայնել հիմնարար գիտական հետազոտությունները, ստեղծել գիտա-համալսարանական համալիրներ, ամրապնդել ակադեմիական գիտության և ավագ դպրոցի կապերը,
  • կատարելագործել և արդիականացնել գիտական աստիճանաշնորհման համակարգը, բարձրացնել գիտական թեզերի որակը:

 

5.3 Մշակույթ և արվեստ

Մշակույթն ու արվեստն ուղղակիորեն ազդում են մարդկային կապիտալի մակարդակի և մարդկանց կյանքի կանոնների վրա, իսկ մշակութային և ստեղծագործական ակտիվությունը բարձրացնում են երկրի ու նրա առանձին բնակավայրերի գրավչությունը, առավել շահեկան են դարձնում նրա կերպարը՝ այդպիսով նպաստելով ներդրումների ներհոսքին, տնտեսության կառուցվածքի փոփոխմանը, որակավորված աշխատատեղերի ստեղծմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

Մեր համոզմամբ, մշակույթի և արվեստի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի մշակութային և ստեղծագործական կյանքում քաղաքացիների (նախևառաջ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների) առավել լայն ընդգրկմանը: Դրա ապահովման համար կարևոր է մշակույթի և արվեստի ազատությունն ու գեղարվեստական բազմազանությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ունի երկրի մշակութային և ստեղծագործական կյանքի բազմազանության մեջ իր համար առավել հետաքրքիրն ազատորեն ընտրելու իրավունք: Վերջինիս իրագործման նպատակով՝ անհրաժեշտ է ապահովել մշակութային կյանքի տարածքային և գնային հասանելիություն բոլոր քաղաքացիների համար, ինչպես նաև արժանապատիվ կենսամակարդակ ոլորտի բոլոր աշխատակիցների համար։

Մենք գտնում ենք, որ Հայաստանի մշակութային զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն ֆինանսական միջոցներով։ Անհրաժեշտ է նաև պետության ու հասարակության կյանքում մշակույթի և արվեստի տեղի ու դերի վերանայում և վերաիմաստավորում: Այդ նպատակով՝ մենք կարևոր ենք համարում գոյություն ունեցող ժամանակավրեպ և պետականազուրկ մոտեցումներից (թանգարանների, համերգասրահների, թատրոնների, գրադարանների ընկալումը որպես զվարճանքի, գաղափարախոսական զենք կամ բյուջետային բեռ) անցում կատարել մշակույթի և արվեստի որակապես նոր դերի գիտակցմանը՝ որպես սոցիալական և տնտեսական զարգացման ռեսուրսի: Այս համատեքստում մշակույթի և արվեստի ոլորտում մենք կարևորում ենք՝

  • պետական մշակութային գաղափարախոսության մշակումը և դրանից բխող մշակութային քաղաքականության իրականացումը,
  • մշակութային ենթակառուցվածքների ապակենտրոնացումը` պահպանելով Հայաստանի մշակութային ամբողջականությունն ու մարզերում համաչափ զարգացման հնարավորությունը,
  • մշակույթի և արվեստի ոլորտների ֆինանսավորման նոր մոդելի մշակումը, մշակութային հաստատություններում աշխատանքի վարձատրության արդարացի և արժանապատիվ համակարգի ներդրումը, մշակույթի ոլորտում աշխատանքային գործունեության գրավչության բարձրացումը` հատկապես փոքր քաղաքներում և գյուղերում,
  • երկրի յուրաքանչյուր բնակչի համար մշակութային և ստեղծագործական տարածությունների տարածքային հասանելիության նորմատիվների մշակումը, դրանց ներդրումից հետո մշակութային հաստատությունների փակման վրա մորատորիումի սահմանումը, մշակութային հաստատությունների կրճատման փոխարեն՝ ստեղծագործական և մշակութային նոր տարածությունների բացումը,
  • մշակույթի ոլորտում կադրային–կառուցվածքային չհիմնավորված օպտիմալացման հետևանքով փակված գրադարանների, ժամանցի կենտրոնների, մշակույթի տների և այլ հաստատությունների վերաբացումը,
  • պետության կողմից ստեղծագործական և մշակութային ոչ պետական նախագծերի օժանդակումը,
  • դպրոցականների և ուսանողների համար դեպի մշակութային հաստատություններ կանոնավոր և անվճար այցելությունների ապահովումը՝ անկախ նրանց բնակության վայրից,
  • տարեցների մշակութային իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն ընթացակարգերի ներդրում:

 

  1. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել հարգանքն աշխատանքի և աշխատող մարդու, մասնագետի նկատմամբ, աշխատանքի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ լավագույն մասնագետները կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում մեր կուսակցության գերակայություններն են.

  • աշխատանքային հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը՝ հիմնված տնտեսության և ամբողջ հասարակության զարգացման հարցում վարձու աշխատողների դերի կարևորության գիտակցման վրա,
  • քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումը՝ մասնավորապես, աշխատանքային իրավունքների պաշտպանության նախադատական մեխանիզմների կատարելագործման, քաղաքացիների իրավական իրազեկման ընդլայնման միջոցով,
  • արհմիութենական շարժման ձևավորմանն աջակցությունը՝ մասնավորապես, արհմիութենական շարժման ներսում մրցակցությանն օրենսդրական աջակցության, արհմիութենական բոլոր կազմակերպությունների հավասարության պետական երաշխիքների տրամադրման, արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքի սահմանափակումների վերացման, ինչպես նաև բանակցությունների վարման և կոլեկտիվ պայմանագրերի կնքման իրավունքի միջոցով,
  • գործադուլներ անելու իրավունքի իրական հնարավորությունների ընձեռումը, գործադուլ (այդ թվում՝ համերաշխության գործադուլ) հայտարարելու իրավունքի վերադարձն արհմիություններին,
  • մասնագիտական կրթության ծրագրերի իրականացումը, մասնագիտական կրթության կիրառական ծրագրերի զարգացումը, սահմանափակ կարողություններով անձանց, թոշակառուներին, երիտասարդներին, երիտասարդ մայրերին աշխատանքի տեղավորման հարցում պետական աջակցության ցուցաբերումը,
  • գործատուի պատասխանատվության խստացումն աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ ակտերի խախտման համար, այդ թվում՝ աշխատակցին հարկադրաբար աշխատանքից հեռացնելու համար, ներառյալ՝ վնասի հատուցման ինստիտուտի զարգացումը,
  • աշխատանքը կորցնելու ապահովագրության ինստիտուտի ներդրումը,
  • ոչ պակաս, քան երեք տարի առաջ աշխատանքը կորցրած և աշխատանքի տեղավորվելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին վաղաժամ աշխատանքային թոշակ ձևակերպելու իրավունքի տրամադրումը,
  • աշխատանքային հարաբերությունների ոլորտում բոլոր տեսակի խտրականությունների բացառումը և բոլոր աշխատողների համար հավասար հնարավորություններ ընձեռելը:

 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմքը պետք է լինի պարզ և հասկանալի կենսաթոշակային բանաձևը, որը կսահմանի պետության պարտականություններն աշխատողների առջև` աշխատողների կողմից իրենց պարտականությունները կատարելու դիմաց: Թոշակների չափերը պետք է արժանապատիվ կենսամակարդակ ապահովեն թոշակառուների համար: Նվազագույն թոշակը պետք է հասցվի կենսապահովման նվազագույն զամբյուղի չափին: Այդ սկզբունքի չկատարումը հակասում է սոցիալական արդարության սկզբունքներին և քայքայում է երկրի տնտեսական աճի հիմքը:

Ուստի, այդպիսի բարեփոխման նախաձեռնումը պետք է լինի հասարակական դաշինքի արդյունք, որը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ տեղի կունենա Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ռազմավարության համաժողովրդական լայն քննարկում: Ընդ որում, ռազմավարությունը պետք է դիտարկել 50 և ավելի տարիների համար, որպեսզի միլիոնավոր մարդկանց կյանքի կանոնները չփոխվեն մի քանի տասնամյակը մեկ:

  1. ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքը մենք համարում ենք երկրի սոցիալ–մշակութային ժառանգության պահպանման և զարգացման, մարդու և քաղաքացու կերտման, պետության հարատևության ապահովման և զարգացման գործի առանցքային դերակատար։

Գլոբալացման արդի պայմաններում, երբ ի հայտ են եկել ազգային ինքնությանը խորթ և հակասական բազմաթիվ երևույթներ, էլ ավելի հրատապ Է դարձել ազգային-ընտանեկան արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ Մեր պատկերացմամբ, հայկական արժեհամակարգը հենվում է մարդ–ազգ–հայրենիք և քաղաքացի–հասարակություն–պետություն հենասյուների վրա, որոնց փոխկապակցողն ընտանիքն է։ Հայ ժողովրդի պատմության մեջ ընտանիքն ունեցել է առանցքային դեր ու նշանակություն․ ընտանիքն է եղել գոյաբանական տարբեր սպառնալիքներից պաշտպանող և պատսպարող հուսալի պատվարը մարդու համար, ընտանիքն է եղել ազգային աշխարհայացքի, ինքնագիտակցության դարբնոցը։ Քրիստոնեական արժեհամակարգի, ընտանիք-հասարակություն ֆունդամենտալ կապի լավագույն օրինակ է Մարկոս Ավետարանիչի խոսքը. «Եթե մի թագավորություն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ և այդ օջախը կդառնա սառը քարերի մի կույտ»։

Ընտանիքի պահպանության գործում մեր կուսակցությունն առաջնահերթ է համարում ընտանիքների բարեկեցության բարձրացման համար պայմանների ապահովումը, երիտասարդ ընտանիքներին աջակցությունը և ծնելիության խրախուսումը, ընտանիքի, մայրության, հայրության և մանկության պաշտպանությունը, բարեկեցիկ և արժանապատիվ ծերության համար երաշխիքների ապահովումը:

Այս խնդիրների լուծման համար մենք անհրաժեշտ ենք համարում․

  • պետական աջակցությունը նախադպրոցական տարաբնույթ հաստատություններին (տնային դաստիարակություն, ընտանեկան ակումբներ, մանկական կենտրոններ, ընտանեկան մանկապարտեզներ և այլն),
  • ընտանեկան կյանքի էթիկայի և հոգեբանության մասին դպրոցում սովորողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ քայլեր ձեռնարկելով ընտանիքում հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության կանխարգելման ուղղությամբ,
  • սոցիալական որբության կանխարգելումը՝ մասնավորապես, ա) ընտանիքի փլուզումը կանխելու նպատակով՝ երեխա ունեցող ընտանիքների չքավորության վաղ բացահայտման իրապես աշխատող համակարգի ներդրումը, այդ ընտանիքների հետ համալիր աշխատանքի իրականացումը, բ) առանց նախնական սոցիալ-վերականգնողական աշխատանքների իրականացման՝ ծնողական իրավունքներից զրկումը կանխելու նպատակով, երեխային ընտանիքից օտարելու իրավունքի օրենսդրական արգելքը, գ) ծնողական իրավունքներից զրկելու փոխարինումը ծնողական իրավունքների սահմանափակմամբ և այդ ընթացքում ընտանիքների հետ վերականգնողական աշխատանքի իրականացումը:
  1. ՏՐԱՆՍՊՈՐՏ

Կայուն, անընդմեջ արդիականացվող ու բազմազանեցված տրանսպորտային համակարգը պետության զարգացման ու տնտեսական առաջընթացի ապահովման կարևոր նախադրյալներից է: Լինելով բնակչության շարժունությունն ապահովող կարևոր ենթակառուցվածք՝ տրանսպորտային համակարգը նաև կատարում է ինտեգրացիոն գործառույթ՝ նպաստելով պետության տարածքային համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումն ու զարգացումը, տրանսպորտային-լոգիստիկ ուղիների տարատեսակացումը բխում են պետության, հասարակության և քաղաքացու շահերից:

Հայաստանում տրանսպորտի համակարգային զարգացման համար մենք անհրաժեշտ ենք համարում.

  • Տրանսպորտային ուղիների բազմազանեցման ու տրանսպորտային միջոցների արդիականացման արդյունքում և մրցակցության, հասանելիության ու նորարության սկզբունքների հիման վրա՝ նպաստել կայուն ու անվտանգ, տնտեսության զարգացումը խթանող ու, միաժամանակ, սոցիոկենտրոն տրանսպորտային համակարգի կայացմանը,
  • Ձևավորել մուլտիմոդալ փոխադրումների շուկա՝ ստեղծելով տրանսպորտային հանգույցներ, զարգացնելով ավտոմոբիլային, երկաթուղային (ստորգետնյա և վերգետնյա) և օդային տրանսպորտի ինտեգրումը, որը թույլ կտա Հայաստանում մատուցել միջազգային չափորոշիչներին համապատասխանող տրանսպորտային ծառայություններ ու այդկերպ բարձրացնել ոլորտի ներդումային գրավչությունը:
  • Ապահովել հասարակական տրանսպորտի ֆինանսական ու ֆիզիկական հասանելիությունը՝ հաշվի առնելով հասարակության տարբեր խմբերի (հաշմանդամներ, թոշակառուներ, ուսանողներ և այլն) առանձնահատկություններն ու պահանջները:
  • Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի ու Վրաստանի հետ համաչափ ու պրագմատիկ փոխգործակցության խորացման միջոցով պայմաններ ստեղծել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը “Եվրոպա-Կովկաս-Ասիա” և “Հյուսիս-Հարավ” միջազգային տրանսպորտային միջանցքներին:
  • Բեռների և ուղևորների միջազգային փոխադրումների կայուն դինամիկան, անվտանգությունն ու տնտեսական բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է խթանել Վրաստանի ու Իրանի հետ տրանսպորտային համագործակցությունը:
  • Դիտարկել տրանսպորտային համակարգի զարգացումը էկոլոգիական պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության գլոբալ մարտահրավերները: Այս առումով հատկապես կարևորում ենք Էկոլոգիապես մաքուր կանաչ տրանսպորտին անցում կատարելու երկարաժամկետ ռազմավարության որդեգրումը:
  1. 10. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

Որպես պետության ռազմավարական ներուժի ձևավորման կարևոր ռեսուրս՝ էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից է։ Ուստի՝ էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը պետք է խարսխված լինի կայունության, կանխատեսելիության, համակարգային զարգացման ու բազմազանեցման սկզբունքների վրա:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանում մեր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կշռի ավելացմանը, էներգատրանսպորտային կիսաշրջափակման պայմաններում՝ ինտեգրացիոն նոր նախադրյալների ձևավորմանը, որը, իր հերթին, ուղղակիորեն կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացմանը, ներդրումային ակտիվության ապահովմանը, գեներացվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազմանը և այլն:

Այս ոլորտում մենք անհրաժեշտ ենք համարում.

  • բազմազանեցնել Հայաստանի էներգետիկ անվտանգության համակարգի ապահովման մեխանիզմները՝ համադրելով ավանդական ու նոր էներգետիկայի բազային ուղղությունները և ապահովելով դրանց համահունչ ու համակարգային զարգացումը,
  • մշակել էներգետիկ դիվանագիտության հայեցակարգ, որը թույլ կտա արտաքին շուկաներում սպասարկել Հայաստանի ազգային էներգետիկ շահը և նվազեցնել երկրի էներգետիկ համակարգի զգայունությունն արտաքին աշխարհաքաղաքական տատանումների նկատմամբ՝ կանխատեսելի դարձնելով արտաքին քաղաքականության էներգետիկ բաղադրիչի կիրառումը հատկապես հայ-ռուսական, հայ-իրանական և հայ-վրացական հարաբերություններում,
  • հետևողականորեն նվազեցնել Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը՝ էներգահամակարգի առողջացմանն ուղղված վարկային միջոցների արդյունավետ կառավարման, էներգատար տնտեսությունների ձևավորման ու խրախուսման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման ուղիների բազմազանեցման միջոցով,
  • խթանել «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորումը, որը թույլ կտա ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները,
  • բարձրացնել Իրան-Հայաստան գազամուղի շահագործման արդյունավետությունը՝ ուղղված Իրան–Հայաստան «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում ծավալների հետևողական ավելացմանը,
  • ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ձևավորվող ընդհանուր էլեկտրաէներգիայի, բնական գազի, նավթի ու նավթամթերքների շուկաներին Հայաստանի բնականոն ու անցնցում ինտեգրումը,
  • ազատականացնել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկան՝ ԵՄ և ԵԱՏՄ պահանջներին համահունչ՝ ներդաշնակեցնելով էներգետիկայի ոլորտի օրենսդրությունը հարևան պետությունների օրենսդրություններին` էլեկտրաէներգիայի անխափան առևտուր, իսկ ապագայում՝ տարանցում իրականացնելու նպատակով,
  • Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներին զուգընթաց՝ կազմել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որը կներառի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հստակ սցենարը, ինչպես նաև դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ու միջազգային փոխգործակցության զարգացման գործիքակազմը,
  • ապահովել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի շարունակական զարգացումը՝ նախապայմաններ ստեղծելով փոքր հիդրոէներգետիկ, արևային, հողմային, երկրաջերմային և կենսազանգվածային հատվածներում ներդրումային ակտիվության համար:

11․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ ԵՎ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունը։ Ըստ այդմ՝ ռազմավարական գլխավոր նպատակ պետք է սահմանվի հակառակորդի հետ ուժերի հավասարակշռության պահպանումը, որը կհանգեցնի հակամարտության ամբողջական սառեցման և կստեղծի հնարավորություն՝ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարել ուժի ու հաղթողի դիրքերից։ Այս նպատակին հասնելու համար մենք անհրաժեշտ ենք համարում հետևյալ բարեփոխումները.

  1. Հայկական ԶՈւ մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց պատրաստվածությունը և պայմանագրային զինծառայության որակը։ Դա հնարավորություն կտա թե՛ ավելի արդյունավետ կատարել ռազմական առաջադրանքներ, թե՛ լուծել սահմանամերձ շրջաններում բնակչության զբաղվածության խնդիրները։ Այս հիմնահարցը կարող է լուծվել ծառայության պայմանների բարելավման միջոցով, որը պետք է երաշխավորի զինծառայողի աշխատանքային–մասնագիտական աճն ու բարեկեցությունը։
  2. Բարեփոխումների կարևոր բաղադրիչ է պահեստայինների (ռեզերվ) համար ամենամյա զորահավաքների ինստիտուտի լիարժեք ներդրումն ու գործարկումը։ Ռազմական պատրաստության ամենամյա հավաքներին կարող են մասնակցել նաև սփյուռքահայերը, որոնք հակամարտության սրացման դեպքում կարող են կամավորական հիմունքով ձևավորել լրացուցիչ մարտական միավորներ։ Մոբիլիզացիայի դեպքում ՀՀ ԶՈՒ-ում վերապատրաստում անցած սփյուռքահայերը հստակ կպատկերացնեն իրենց առջև դրված խնդիրները, որը հնարավորություն կտա՝ հեշտացնել մարտական նոր միավորների կազմավորման կամ համալրման գործընթացը։ Զորահավաքների ինստիտուտի լիարժեք գործարկումը թույլ կտա պահպանել ու պարբերաբար բարձրացնել այն քաղաքացիների ռազմական որակավորումը, որոնք անցել են ծառայություն ԶՈւ-ում, ինչպես նաև պատրաստել նոր կադրեր։
  3. Ռազմական գործողություններում, որպես կանոն, հաղթում է այն կողմը, որի ռազմական միտքը, մարտական պատրաստվածությունը և տեխնոլոգիական զարգացվածությունը համապատասխանում են արդի աշխարհի պահաջներին։ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու նպատակով՝ անհրաժեշտ է մշտապես կատարելագործել սպայական կազմի գիտելիքներն ու հմտությունները, իսկ դրա համար անհրաժեշտ է առաջատար մոտեցումների ու ծրագրերի ներդրման (այդ թվում՝ որակավորման բարձրացման հնարավորություններ և աշխարհի առաջատար ռազմակրթարաններում բազային կրթություն ապահովելու) միջոցով համալիր բարեփոխումներ իրականացնել ռազմական կրթության համակարգում և վերապատրաստման բոլոր մակարդակներում։ Առանձնահատուկ կարևորություն ունի ռազմական բազմապրոֆիլ ուղեղային կենտրոնի գործարկումը, որը կապահովի պաշտպանական նոր ռազմավարությունների պարբերական մշակումն ու իրականացումը։
  4. Հաշվի առնելով ժամանակակից սոցիալ-մշակութային իրողություններն ու միտումները՝ անհրաժեշտ է բարձրացնել բանակի՝ որպես ինստիտուտի հանրային կարգավիճակը, որը կապահովի սպայի կոչման տեղավորումը մասնագիտական աստիճանակարգության ամենավերևում՝ ռազմական ոլորտին պատկանող անձանց վերնախավային կարգավիճակի ապահովումը, սոցիալական ամբողջական փաթեթի ընձեռումը (ներառյալ՝ բնակմակերեսը և ֆինանսական բարեկեցությունը)։
  5. Հայաստանի անվտանգության ապահովման համար օրակարգային են Ադրբեջանի հետ ուժային հավասարակշռության ամբողջական վերականգնումը, նրա ոչ-միջուկային ռազմական զսպման հուսալի ապահովումը, ինչպես նաև, Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում, հայկական ԶՈւ կողմից կանխարգելիչ-հարձակողական գործողություններ իրականացնելու կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով՝ անհրաժեշտ է ակտիվորեն շարունակել տարբեր տեսակի սպառազինությունների ձեռքբերումը և ռազմական տեխնիկայի արդիականացումը։ Ըստ որում՝ այդ գործընթացը պետք է իրականացվի սպառազինման պետական ծրագրի հիման վրա՝ առնվազն 5-7-ամյա հեռանկարով։ Այդ ծրագիրը պետք է մշակվի գիտական մոտեցմամբ՝ բանակի առջև դրված խնդիրներին ու դոկտրինին համապատասխան։ Սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, լուրջ ներդրումներ կատարել առկա խորհրդային ռազմական տեխնիկայի արդիականացման մեջ, ուժեղացնել Հայաստանի ԶՈւ ավիացիոն, հակատանկային, հակաօդային և այլ բաղադրիչները։
  6. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա գիտության կիրառական ոլորտների զարգացման շարժիչ ուժը։ Ռազմական արտադրանքի հստակ պատվերների ապահովումը և ֆինանսական միջոցների ուղղումը հայկական տեխնիկական բուհերին ու գիտակրթական ինստիտուտներին հնարավորություն կտան վերականգնել գիտության ու կրթության անկում ապրող որոշ ոլորտներ։ Հայրենական ռազմական արտադրանքի ավելի ակտիվ մշակումը և գնումները հնարավորություն կտան ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ավելացնել բյուջեի հարկային եկամուտները։ Էլ ավելի շատ եկամուտ կարող է ապահովել ռազմական արտադրանքի արտահանումը։ Վերջինիս համար անհրաժեշտ է իրականացնել սպառազինությունների միջազգային շուկայի խորը և համակարգային հետազոտություններ։
  1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա սկզբունք մեր կուսակցությունը համարում է պետական ինքնիշխանության անսասանությունը և պետական շահի աներկբա պաշտպանությունը։

Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններ մենք համարում ենք

  • Ինքնուրույնաբար և միջազգային համագործակցության միջոցով անվտանգության առկա սպառնալիքների չեզոքացումն ու նոր սպառնալիքների առաջացումը կանխելը,
  • Համաշխարհային դերակատարների ու ներկայիս գլխավոր գործընկերների հետ բազմաշերտ համագործակցության խորացման միջոցով նրանց հետ հավասարակշռված հարաբերությունների զարգացումը,
  • Հայաստանի անդամակցած տնտեսաքաղաքական ու ռազմաքաղաքական կազմակերպությունների ինստիտուցիոնալ ամրապնդումը և գործունեության արդյունավետացումը,
  • Երկրի տնտեսական զարգացման խթանման նպատակով՝ գլխավոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը և փոխադարձ առևտրի ու ներդրումների ոլորտում նոր գործընկերներ ձեռք բերելը,
  • Փափուկ ուժի գործիքակազմի զարգացման միջոցով Հայաստանի մշակութային գրավչության և դրական կերպարի ամրապնդումն աշխարհում,
  • Հայկական սփյուռքում հայապահպանությանն աջակցությունը, Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդումը, սփյուռքի ներուժի համախմբումը և դրա արդյունավետ օգտագործումը համահայկական խնդիրների լուծման գործում։

Ըստ այդմ մենք առաջարկում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հետևյալ հիմնադրույթները

  • Արցախյան հիմնահարցը գոյաբանական նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Արցախի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար: Մեր կուսակցության նպատակն է՝ հասնել Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով երաշխավորված ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ու իրացմանը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորմանը: Հայաստանի Հանրապետությունն ու համաշխարհային հայությունը եղել, մնում և մնալու են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը:

«Մեկ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը բացառապես հակամարտության կողմերի տիրույթից անհրաժեշտ է տեղափոխել տարածաշրջանային գործընթացների տիրույթ՝ հակամարտությունը դիտարկելով որպես այդ գործընթացների տրամաբանական հետևանք: Այդ տեսանկյունից՝ մեզ համար անընդունելի են ներկայումս բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքները»` դրանց թերի և հնացած լինելու պատճառով: Ուստի՝ անհրաժեշտ ենք համարում, որ բանակցող կողմերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհապաղ ձեռնամուխ լինեն փաստաթղթի թարմացման ու ժամանակի իրողությունների հետ համապատասխանեցման գործին: Բանակցվող փաստաթուղթը պետք է ներառի Հարավային Կովկասի հեռանկարային տեսլականը` խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման անհրաժեշտ երաշխիքներով:

Մեր համոզմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ունի փոխադարձ առևտուր և ներդրումներ ապահովելու, համաշխարհային շուկաների հետ տարանցիկ կապը բազմազանեցնելու մեծ ներուժ։ «Մեկ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և կողմերի` քաղաքական երկխոսության ձգտման վրա՝ բացառելով այդ հարցում որևէ երրորդ պետության բացասական միջամտությունը:

Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի խորացումը երկկողմ և բազմակողմ (մասնավորապես՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում) ձևաչափերով մենք համարում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք կարևորում ենք Ռուսաստանի հետ փոխշահավետ և իրավահավասար հարաբերությունների զարգացումը հատկապես փոխադարձ պաշտպանության, ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական, փոխադարձ առևտրի, ներդրումների և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

ԱՄՆ–ի հետ հարաբերություններում մենք կարևորում ենք հատկապես համագործակցությունը պետական կառավարման համակարգի արդիականացման, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, այդ թվում՝ բիզնես–ձեռնարկությունների աջակցության, նորարարությունների և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Իրանի հետ հարաբերությունների խորացումը պետք է ուղղված լինի հատկապես Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային և հաղորդակցային նախագծերի իրականացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը, հումանիտար ոլորտում համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Վրաստանի հետ հարաբերություններում մենք կարևորում ենք հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնումը, երկու երկրների միջև հաղորդակցային ուղիների օգտագործման արդյունավետության բարձրացումը, մշակութային և հումանիտար համագործակցության խորացումը:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Արաբական Միացյալ Էմիրություննեի հետ գործընկերային հարաբերությունների խորացմանը առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում: Իսլամական աշխարհի պետությունների հետ հարաբերությունների զարգացումը պետք է նախ և առաջ ուղղված լինի քաղաքական երկխոսության ապահովմանն ու տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների փոխլրացմանը:

Մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից պետք է լինի Իսրայելի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը` հիմնված փոխադարձ վստահության, կանխատեսելիության և թափանցիկության վրա: Այն պետք է ընդգրկի համագործակցությունը տնտեսական, գիտատար, ինովացիոն և տեխնոլոգիական, առողջապահության և բժշկության, ինչպես նաև ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ոլորտներում:

Մենք կարևորում ենք նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ բազմոլորտ համագործակցության խորացումը: Այն պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականոթյան կարևոր ուղղություններից մեկը: Մենք հանդես ենք գալիս Չինաստանի հետ իրավահավասար և վստահելի հարաբերությունների զարգացման օգտին:

ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից պետք է դառնա նաև միջազգային և տարածաշրջանաին կազմակերպությունների հետ փոխգործակցության խորացումը: Մասնավորապես, Հայաստանը պետք է ձգտի ԵԱՏՄ հարթակում ռազմավարական փոխգործակցության ընդլայնմանը` Միության շրջանակներում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի շահերը համարժեք հաշվի առնելու պայմանով: Հայաստանը պետք է այդ կազմակերպությունը դիտարկի որպես ներդրումային նախագծերի և ենթակառուցվածքենրի զարգացման պոտենցիալ հարթակ հետխորհրդային տարածքում:

Հայաստանը պետք է շարունակի իր ավանդը ներդնել ՀԱՊԿ զարգացման գործում՝ այդ կազմակերպությունը դիտարկելով որպես հետխորհրդային տարածքում անվտանգության ժամանակակից համակարգի կարևորագույն տարր, որն ունակ է դիմակայել գլոբալ և տարածաշրջանային նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է ՆԱՏՕ-ի հետ հետագա գործընկերային հարաբերությունների զարգացումը հատկապես ԶՈւ կատարելագործման և պաշտպանական բարեփոխումների ոլորտում:

Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Եվրոպական միության հետ բազմաշերտ և բազմոլորտ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը՝ կարևորելով հատկապես համագործակցությունը փոխադարձ առևտրի ու ներդրումների, բիզնես միջավայրի բարելավման, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների, Հայաստանում պետական կառավարման համակարգի արդիականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցերում, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն ուղղված երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակներում։

ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԼՔԸ

Մենք գիտակցում ենք, որ պետականաշինության վերաիմաստավորման և հանրային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունների ներկա փուլում Հայաստանը հայտնվել է բազմապիսի և բազմաչափ խնդիրների հորձանուտում, որոնց դիմակայելը պահանջում է հայեցակարգային նոր և հիմնարար մոտեցումներ։ Այդ մոտեցումների հիմքում պետք է ընկած լինի ազգային ինքնության արժեքների վրա ձևավորված և ժամանակակից աշխարհի մարտահրավերներին բարձր դիմադրողականությամբ օժտված ազատ, մրցակցային հասարակությունը։ Հենց այդպիսի հասարակությունն ենք մենք համարում ժամանակակից աշխարհում պետության և պետականության շարունակական զարգացման, անվտանգության ամրապնդման հրամայական:

Մեր գործնեության կենտրոնում արտաքին և ներքին մարտահրավերների հանդեպ բարձր դիմադրողականությամբ օժտված հասարակության յուրաքանչյուր անդամի դաշինքից ծնված պետությունն է, որի շահին ստորադասվում են խմբային և անձնական շահերը։

Առաջնորդվելով քաղաքական կայունության պահպանման հրամայականով՝ մենք կարևորում ենք ազգային-պետական շահերի իրականացման պատասխանատվության բաշխումը պետական ինստիտուտների, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև:

Մենք համոզված ենք, որ քաղաքական համակարգի ժողովրդավարական համընդգրկուն փոխակերպումները, տեղեկատվական, հաղորդակցային տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող են ստեղծել ազգային համախմբվածության աննախադեպ մեծ հնարավորություններ՝ էապես արագացնելով ազգային խնդիրների հիմնավոր լուծումը:

Մենք համոզված ենք, որ միայն փոխհամաձայնության ու համագործակցային մշակույթի արմատավորման, հասարակության իրավաքաղաքական գիտակցության զարգացման միջոցով է հնարավոր Հայաստանում ամրապնդել ժողովրդավարական կառավարում՝ առողջացնելով և վերափոխելով միջկուսակցական պայքարի բովանդակությունը, հետևողականորեն կատարելագործելով քաղաքացիական մասնակցության և պետական կառավարման ընթացակարգերը՝ ի նպաստ և ի շահ Մեկ Հայաստանի կայունացման և կայացման:

Մենք համոզված ենք, որ մեր ազգային-պետական շահերը պետք է կերպափոխվեն ազգային-պետական նպատակների, և մենք վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել այս կերպափոխումը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մեր ռազմավարական քայլերում ապահովելով ազգային-պետական նպատակների արտացոլումը:

Մեր համոզմամբ, Հայաստանի քաղաքականության

Առանցքն իր գնահատված, արժևորված, իր պատմական, քաղաքակրթական, մշակութային ժառանգությանն արժանի երջանիկ քաղաքացին է, նրա ֆիզիկական և հոգևոր անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինքնաիրացման պայմանների երաշխավորումը,

Առհավատչյան կայուն և անցնցում զարգացումն է՝ խարսխված հայկական պետականության հիմնարար ավանդույթների շարունակականության, քաղաքական ժառանգականության, քաղաքականության մեջ ազնվության, սերունդների համերաշխությամբ պայմանավորված գործակցային սերնդափոխության, պետական ինստիտուտների ամրության անկանգ հզորացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության մշտական բարձրացման վրա,

Կենսատու ուժը ներհասարակական հանդուրժողականության և փոխհամաձայնության մշակույթն է՝ խարսխված սոցիալական գործընկերության և սերունդների երկխոսության գործուն մեխանիզմների վրա՝ այդկերպ համակցելով տնտեսական արդյունավետությունն ու սոցիալական արդարությունը: